Շուշիի հռչակագրով՝ Ադրբեջանն ու Թուրքիան դաշնակիցներ են, երկու բանակների ինտեգրումը բարձր մակարդակի վրա է, ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությանն ու АзТВ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Նա շեշտել է, որ երկու երկրների կառավարման կետերը կապված են միմյանց հետ, համատեղ գործունեություն են ծավալում՝ մեջբերելով նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը՝ «Մեկ ազգ, երկու պետություն և մեկ բռունցք»։
Հասանովի հավաստմամբ՝ մեծ աշխատանք է տարվում ռազմարդյունաբերության ոլորտում: Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ տեղեկացրել է նաև, որ շուտով Ադրբեջանում ժամանակակից զինտեխնիկայի կամ դրանց մասերի համատեղ արտադրություն կկազմակերպվի։
Ընդգծելով, որ Թուրքիայի ռազմարդյունաբերությունը սրընթաց զարգացում է ապրել, և խոսքը ոչ միայն «Բայրաքթարի» մասին է՝ Հասանովը շեշտել է նաև, որ Ադրբեջանը նույնպես օգտվում է դրանից և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են բարձր տեմպերով։
2021-ի հունիսին Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում ստորագրեցին փաստաթուղթ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այդ փաստաթուղթը բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: