ԵԽԽՎ-ն բարձր է գնահատել դատական համակարգի անկախության պահպանմանն ուղղված բարեփոխումները, որն իրականացնում է Հայաստանը, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, նշվել է մի շարք մարտահրավերների մասին, դրանց մասին մենք նույնպես գիտենք»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ կառավարության կամքն է, որ հետևողական ու անհոգնել գնալ ՀՀ դատական համակարգն իրական անկախությամբ ապահովելու ճանապարհով։
«Կարծում եմ՝ անկախությունն ու արդար դատաքննության իրավունքի հասանելիությունն ապահովելու իմաստով Հանրային պաշտպանի ինստիտուտի ուժեղացումը շատ կարևոր է, ունենք պատկերացումներ, որոնք հետևողականորեն կյանքի ենք կոչելու»,- նշեց նա։
Ըստ Փաշինյանի` դատական համակարգի անկախության հետ կապված մարտահրավերը 2018 թվականից եղել ու շարունակում է մնալ նույնը։
«Մենք ասել ենք, որ դատական համակարգը պետք է կախվածություն չունենա, բայց կախվածություն չունենա ոչ միայն կառավարությունից, այլև՝ հնարավոր այլ տեղերից, որից, սովորաբար, ունենում են կախվածություն։ Դատական համակարգում հակակոռուպցիոն քաղաքականության ակտիվ իրագործումը չափազանց կարևոր է»,- ասաց վարչապետը։