2024 թվականի հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:45-ի սահմաններում, նույն զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք, որից հետո տեղափոխվել է կայազորային հոսպիտալ, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 02:20-ի սահմաններում, գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զորամասում կամ զինվորական ծառայության կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում), նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձևավորվել է քննչական խումբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է զինծառայողին ամրակցված «АК» տիպի ինքնաձիգը։
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական, վարութային այլ գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`
օրինական ուժի մեջ մտած դատավճռով: