«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական բոյկոտից հետո իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը։ Հուլիսի 4-6-ն ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ Վոլոգդայի մարզի Չերեպովեց քաղաք` աշխատանքային այցով։
Պատվիրակության կազմում են նաեւ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Սանդիկովը, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը։
Նկատենք, որ Ալեն Սիմոնյանը տեւական ժամանակ է՝ շրջագայում է միայն արեւմտյան երկրներում, իր հակառուսական հայտարարությունների պատճառով թերեւս անցանկալի պաշտոնյա է համարվում ՌԴ-ում, ինքն ու Մարիա Զախարովան հեռակա ռմբահարում են միմյանց, եւ գուցե ինքն էլ է խուսափում Ռուսաստան մեկնելուց, ուստի վերջին շրջանում Ռուսաստան գործուղումների եւ ռուսական շրջանակների հետ հանդիպումներին մասնակցում է Հակոբ Արշակյանը»:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։