Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով սկսվել են Լոռու մարզի Լոռի բերդի եկեղեցու (հասարակական կառույցի), Ամրակիցի ռուսական Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու, Հաղպատի վանական համալիրի փլուզված աշտարակի և պարիսպների վերականգնման աշխատանքները:
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են ՀՀ Լոռու մարզի նշյալ հուշարձաններ, ինչպես նաև Սանահին վանական համալիր և Սանահինի կամուրջ՝ մշտադիտարկման:
Աշխատանքային խումբը տեղում ծանոթացել է կատարված աշխատանքներին, տեխնիկական հսկողության և կապալառու կազմակերպության հետ քննարկել առաջացած հարցերը: Լոռի բերդի համայնքապետի հետ քննարկվել են բերդի մուտքի դիմաց տեղադրվելիք տեղեկատվական կենտրոնին առնչվող հարցեր, որի շինարարության աշխատանքները ևս շուտով կմեկնարկեն:
Հաղպատի և Սանահինի վանքերում ուսումնասիրվել է եկեղեցիների ծածկասալերի վիճակը, արձանագրվել է, որ հատկապես Հաղպատում ծածկասալերից խոնավության ներթափանցման լրջագույն խնդիր կա: