ՀՅԴ Վայոց Ձորի մարզի գրասենյակի 5 անդամ կալանքի տակ է, նրանցից 4-ը` 2–ական ամսով, իսկ 1-ը` 1 ամսով։ Կան նաև տնային կալանքի տակ գտնվողներ, ինչպես նաև անձինք, որոնց նկատմամբ այլ խափանման միջոցներ են կիրառվել։ Այս մասին այսօր ՀՅԴ ԳՄ անդամների ձերբակալությունների նոր ալիքի հետ կապված հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«ՀՀ իշխանությունները ՀՅԴ–ի դեմ կիրառում են բոլոր հնարավոր մեթոդները, որպեսզի արհեստական և կեղծ գործեր հարուցեն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀ–ում կիրառում են բոլոր հնարավոր մեխանիզմները և մեթոդները, որպեսզի արհեստական ու կեղծ գործեր հարուցեն: Նա նաև նշեց, որ կուսակցության մարզային գրասենյակների վրա հարձակումներ են կազմակերպում։ «Մասշտաբային ապօրինի գործողություններ են իրականացվել, կատարվել են նաև խուզարկություններ ու ձերբակալություններ։ Այս պահի դրությամբ նիկոլական քննչական համակարգը և իրենց վերահսկողության տակ գտնվող դատարանները 5 կալանքի որոշում են կայացրել։ Նրանցից 4-ը 2 ամսով են կալանավորվել, իսկ մեկը` 1 ամսով, ևս 3 անձինք էլ տնային 2 ամսով կալանքի տակ են։ Եվս 1 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը, մեկ այլ անձի նկատմամբ էլ` երկրից բացակայելու արգելքը։ Խոսքը միայն Վայոց Ձորի մարզի ՀՅԴ գրասենյակի անդամների մասին է»,– մանրամասնեց Մինասյանը։
Նա ընդգծեց, որ սա իշխանության կողմից ձևավորված կեղծ օրակարգ է։ Պատգամավորը վստահ է` իրականությանը չհամապատասխանող արտահայտությունների ներքո հալածանքների են ենթարկվում ՀՅԴ–ականները։ Մինասյանը շեշտեց, որ ՀՀ իշխանությունների նմանատիպ գործելաոճը չի կարող հեռանկար ունենալ։
Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավերվել է: