«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազություն։
«Այս հաղորդումը վերաբերում է հունիսի 12-ի դեպքերին, մասնավորապես, ոստիկանության կողմից թույլ տրված օրենքի բազմաթիվ խախտումներին։ Այդ ողբերգական դեքերից արդեն 2 շաբաթից ավելի ժամանակ է անցել, հարուցված են քրեական գործեր, բազմաթիվ տուժողներ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացրել»,-լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, թե հանցանքի մասին հաղորդում ներկայացնելու նպատակը հետևյալն է՝ ոստիկանության ղեկավարության կողմից հունիսի 12-ին կանխամտածված սադրանք է տեղի ունեցել։
«Հունիսի 12-ին, մեր տեսանկյունից, տեղի են ունեցել ոչ միայն անջատ դեպքեր՝ հատուկ միջոցների կիրառման կամ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնության, այլ եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք՝ խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, անկարգության վերածելու և ճնշելու նպատակով։
Հայաստանում իրավական քաոսի, ամենաթողության պայմաններում շատ մեծ անվստահություն գոյություն ունի՝ արդյո՞ք իրավական ճանապարհով կարելի է ինչ-որ տեղ հասնել։ Մենք համարում ենք, որ իրավական բոլոր ուղիները մինչև վերջ պետք է օգտագործել»։