«Երկրորդ կարծիք չկա, որ մարդիկ հավաքվել են բացառապես Բագրատ Սրբազան ֆենոմենի շուրջ»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն, ով իր խոսքում ընդգծեց նաև, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սկիզբ է առել Տավուշում, տավուշցիների նախաձեռնությամբ:
Անդրադառնալով Սուրեն Պետրոսյանի այն հայտարարությանը, թե շարժումը մարել է, պատգամավորն ընդգծեց, որ դա չի համապատասխանում իրականությանը:
«Ինքը (Պետրոսյանը-խմբ․) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի մեջ չի մտել, Սուրենն այդ պահին Ոսկեպարում էր որոշ մարդկանց հետ: Հենց որ շարժումը սկսվեց ու թափ առավ գյուղերում, Սրբազանն առաջարկեց, որ երբ պիտի քայլեինք, գայինք Երևան, լիներ նաև Սուրենը, ես չառարկեցի: Ես առանձնապես խնդիրներ չեմ սարքել դրանից, չեմ խոչընդոտել, թեպետ շատ-շատ արժանավոր մարդիկ կային, որոնք էդ շարժման ակունքներում կանգնած են եղել՝ ռազմական գործիչներ և այլն, որոնք և՛ պատրաստ էին, և՛ արժանի էին, որ լինեին: Դա Սրբազանի մեծահոգության և այսպես ասած՝ քայլի շնորհիվ է, որ Սուրենը եկավ և մեզ հետ քայլեց:
Պարզ է, որ մարդիկ, որոնք հավաքվել են, Սրբազան հոր շուրջն են հավաքվել: Կարող է՝ մի քանի հոգի ինձ համար էին եկել, մի քանի հոգի՝ Սուրենի համար, բայց պարզ է, չէ՞, որ շարժումը հստակ ունի առաջնորդություն, և դա Սրբազան հոր առաջնորդությունն է: Ամեն անգամ փորձել սա ուրիշ կերպ ներկայացնել… չեմ ուզում ուրիշ բառեր օգտագործել, առնվազն արդար չէ: Շարժումը քեզ շատ բան է տվել, բերել է առաջին շարք․ եթե դու չես գնահատում, չես արժևորում․․․ գիտե՞ք՝ ինչ կա, մարդու արածը գնահատելը մեծագույն արժեք է: Եթե դու այդ արժեքների կրողը չես, ի՞նչ ասեմ: Ասել, թե շարժումը մարում է… Ո՞վ է ասել, որ շարժումը մարում է»,- ասաց նա: