Շարունակում եմ այցը Սյունիքի մարզում: Հետևեցի Տաթև – Աղվանի միջպետական նշանակության 19,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ծրագրի արժեքը 3,375 մլրդ դրամ է։ Միջոցները տրամադրել է Կառավարությունը:
Սյունիքում, և առհասարակ Հայաստանի ողջ տարածքում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքները հնարավորություն են տալիս այսօր արդեն խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման և դրանից ակնկալվող արդյունքների մասին», – գրել է նա։
Փաշինյանն ընդգծել է նաև, որ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի գործարկումը կմեծացնի միջազգային բեռնափոխադրումների ծավալը, ուստի տեղական հոսքերը այնտեղից հեռացնելու անհրաժեշտություն կլինի: Նրա խոսքով՝ վճարովի ճանապարհների առկայությունը մշտական եկամուտներ կբերի, որը կուղղվի համապատասխան ճանապարհների ստանդարտների պահպանմանը:
Մեկ այլ գրառմամբ էլ Փաշինյանը հայտնել է, որ ճանապարհին չնախատեսված կանգառ է ունեցել Շինուհայրում։
«Չնախատեսված կանգառ ունեցա Շինուհայրում, ուր բնակիչների հետ խոսեցինք իրական Հայաստանի, սահմանազատման գործընթացի և մեր անվտանգության կարևոր երաշխիքի՝ լեգիտիմության մասին», – գրել է նա։