«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ՔՊ-ում փորձում են հույժ գաղտնի պահել կուսակցության քաղաքական ժողովի վայրը, որը նշանակված է հունիսի 22-ին, սակայն մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախատեսել են անել Ջերմուկում: Եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը մեր հրապարակումից հետո` «մեր ինադու», չփոխի վայրը։ Տեղեկացանք նաև, թե օրակարգում ինչ հարցեր են քննարկվելու։ Փաշինյանը մտադիր է ՔՊ մարզային կառույցներ հիմնել, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի դեպքում էր անում. հիմա ՔՊ-ն միայն տարածքային կառույցներ ունի: Դրանով Փաշինյանը փորձելու է ներկուսակցական կառավարումն ավելի կենտրոնաձիգ դարձնել:
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի մարզպետներին, որոնք կլինեն մարզի թիվ մեկ կուսակցականները, մինչդեռ այսօր տարածքային կառույցներ են գործում, և տվյալ քաղաքում գտնվող վարչությունը շատ դեպքերում մարզի մյուս քաղաքների ներկուսակցական խժդժությունների մասին տեղեկանում է ամենավերջում, երբ բանը բանից անցնում է, և ներթիմային ճակատամարտերը դառնում են հրապարակային ու ողջ մարզի քննարկման առարկան»: