Կարմիր խաչի միջազգային կոմիտեն առայժմ միայն հետևում է ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման վերաբերյալ հրապարակումներին։ Այս մասին «Փաստինֆոյի» հարցին ի պատասխան հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար և մամուլի քարտուղար Զարուհի Ամատունին։
«Այս պհին կան հրապարակումներ, բայց մեր գործողությունները մարդասիրական աշխատանքի շրջանակներում սկսվում է, երբ ստանում ենք հաստատում և դիմում մյուս կողմից, որ կա նման իրավիճակ։ Դրանից հետո մենք առաջարկում ենք մեր ծառայությունները՝ տեսակցության հետ կապված, բայց դրանք հետագա քայլերն են։ Այս պահին մենք նման գործողություն չենք անում, հետևում ենք հրապարակումներին, ըստ այդմ՝ կտեսնենք, թե մեր քայլերը ինչպես կդասավորվեն»,-ասել է Ամատունին։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ադրբեջանցի զինծառայողը ներխուժել է ՀՀ տարածք, ապա Սիսիանի Շաքի գյուղում կրակել հայ կնոջ ուղղությամբ, որի հետեւանքով վերջինս ստացել է վնասվածք ու այս պահին վիրահատվում է։
ԱԱԾ-ն հայտնում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որով քննությունը տարվում է ՔԿ-ում, սակայն ՔԿ-ն հրաժարվում է ասել, թե ինչ հոդվածներով են հարուցել վարույթը, իսկ դատախազությունն էլ չի ասում, թե ինչ կարգավիճակ ունի ադրբեջանցի զինծառայողը, հայ կինը տուժող ճանաչվել է, թե ոչ։

