Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում՝ դեպի Հայաստանի սահման ձգվող Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման նպատակով։
Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա» լրատվականը՝ հղում կատարելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանին։
Վերջինիս համաձայն՝ նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, ունենալու է չորս գոտի, իսկ երկարությունը՝ մոտ 30 կիլոմետր, ներառյալ 11 կամուրջ և անցում։ Շինարարության արժեքը կկազմի 250 մլն եվրո։
Լրատվամիջոցը հաղորդում է, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհային ծրագրի վարկային համաձայնագրի շրջանակներում:
Ըստ աղբյուրի՝ նախարարի հրամանը մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական խորհրդում։