Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում իրականությանը և ներկայացվում են որպես ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիազորագրեր, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր: Նման եղանակով զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից տարբեր ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկը։
«Տեղեկացնում ենք, որ ֆինանսական կազմակերպությունները հաճախորդների սպասարկման գործընթացում, որպես կանոն, ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրերի կամ տեղեկանքների կիրառման անհրաժեշտություն չեն ունենում: Ուստի, եթե ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվելու ընթացքում Ձեզ ներկայացվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրեր կամ տեղեկանքներ, կամ հղում է կատարվում նման փաստաթղթերի, հորդորում ենք ստուգել դրանց իսկությունը՝ կապ հաստատելով ՀՀ կենտրոնական բանկի հետ»։

