Բրիտանական ոստիկանությունը հայտնել է, որ Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան առջև արգելված Palestine Action պաղեստինամետ խմբի աջակցությանը նվիրված բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 300 մարդ։
Շաբաթ օրը հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին Լոնդոնի հարավում գտնվող ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ Palestine Action կազմակերպությանն աջակցելու և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների դեմ բողոքելու համար։ Ոստիկանությունը զգուշացրել է, որ կկալանավորի անօրինական բողոքի ակցիայի մասնակիցներին։
«Երեկ ձերբակալվել է ընդհանուր առմամբ 325 մարդ։ Ձերբակալությունների մեծ մասը՝ 320-ը, կատարվել են արգելված կազմակերպությանը աջակցություն հայտնելու համար», — ասվում է Սքոթլանդ Յարդի X սոցիալական մեդիա հարթակում տարածված հայտարարության մեջ։
Palestine Action-ն արգելվել է 2025 թվականին։ Շարժմանը անդամակցելը կամ աջակցելը քրեական հանցագործություն է, որը պատժվում է ազատազրկմամբ մինչև 14 տարի ժամկետով: Այնուամենայնիվ, շարժման կողմնակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում, որոնց ընթացքում ոստիկանությունը հարյուրավոր մարդկանց է բերման ենթարկում:

