Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի գործով նախքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից։
Կոմիտեից նաև նշել են, որ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին:
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։ Բուժօգնության են դիմել նաև վնասվածք ստացած կնոջ 2 երեխաները։ Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։

