Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը որդեգրել է եվրոպական ուղղություն, սակայն եվրոպական ժողովրդավարության չափանիշներին համապատասխանությունը ենթադրում է ավելին, քան արտաքին քաղաքական կողմնորոշման մասին մամուլի ասուլիսներում խոսելը։ Գրել է «Խոսքի ուժը» իրավապաշտպան ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Այն պահանջում է իշխանության իրական սահմանափակում, անկախ դատական համակարգ, մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանություն, ընդդիմության ինստիտուցիոնալ երաշխիքներ և պետական կառավարման թափանցիկություն։
Դատական համակարգի անկախությունը դատավորների մասնագիտական արտոնություն չէ, այլ մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիք։ Անկախ դատարանի գոյությունն է ապահովում, որ յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների վերաբերյալ որոշումները կայացվեն օրենքի հիման վրա՝ զերծ քաղաքական, վարչական կամ այլ արտաքին ազդեցություններից։
Նոր Սահմանադրության նախագծով դատական համակարգի կառուցվածքում և ձևավորման սկզբունքներում առաջարկվող փոփոխությունները, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, մի շարք լուրջ մտահոգություններ են առաջացնում։
Ընդամենը մի քանի դրույթներ՝ միջազգային փաստաթղթերի հետ հակասության տեսանկյունից
- Բոլոր գործող դատավորներին ժամանակավոր պաշտոնակատար դարձնելը (նախագծի 85-րդ հոդված) – վտանգում է դատավորների անփոփոխելիության և պաշտոնավարման անվտանգության սկզբունքը։ Հակադրելի է ՄԱԿ-ի Դատական իշխանության անկախության հիմնարար սկզբունքների 11–12-րդ կետերին։
- Դատավորների համատարած վերագնահատումը – ստեղծում է դատավորների հետագա պաշտոնավարումը գնահատող հանձնաժողովից կախված դարձնելու վտանգ։ Խնդրահարույց է ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների 17–18-րդ կետերի տեսանկյունից։
- Վերագնահատման հանձնաժողովի եզրակացության անմիջական դատական վիճարկման բացակայությունը – կարող է սահմանափակել արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքը։ Հակադրելի է ՄԻԵԿ 6-րդ հոդվածին և ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների 20-րդ կետին։
- Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամների ընտրությունը Ազգային ժողովի կողմից – թուլացնում է դատական իշխանության ինքնակառավարման երաշխիքները և մեծացնում քաղաքական ազդեցության վտանգը։ Խնդրահարույց է ԵԽ CM/Rec(2010)12 հանձնարարականի 27-րդ կետի համատեքստում։
- ԲԴԽ-ի կողմից դատական և կարգապահական գործառույթների համատեղումը – առաջացնում է անկախության, անաչառության և շահերի բախման ռիսկեր։ Պետք է գնահատվի ՄԻԵԿ 6-րդ հոդվածի հիման վրա։
- Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը՝ առանց սահմանադրական բավարար երաշխիքների – իրավական անորոշության վտանգ է ստեղծում երդվյալների ընտրության, անկախության և անաչառության հարցերում։ Տպավորություն է, որ նրանք կլինեն օրվա իշխանության որոշիչ ներկայացուցիչները դատարանում: Պետք է ապահովվի ՄԻԵԿ 6-րդ հոդվածի պահանջների կատարումը։
- Վճռաբեկ դատարանի դատավորների նշանակման քաղաքական բաղադրիչը – խորհրդարանական ընտրության հայեցողությունը կարող է ստեղծել դատական նշանակումների քաղաքականացման վտանգ։ Խնդրահարույց է ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների 10-րդ և 13-րդ կետերի տեսանկյունից։
- Դատական անկախության հռչակման և անցումային դրույթների միջև հակասությունը – նախագծի 60-րդ հոդվածը հռչակում է դատավորների անկախությունը, մինչդեռ 85-րդ հոդվածը նրանց պաշտոնավարումը պայմանավորում է վերագնահատմամբ։ Սա առաջացնում է սահմանադրական երաշխիքների ներքին անհամապատասխանության խնդիր։
Մարդու իրավունքների տեսանկյունից այս փոփոխությունները կարող են հանգեցնել անկախ և անաչառ դատարանի իրավունքի, արդար դատաքննության, արդյունավետ դատական պաշտպանության և իրավական որոշակիության երաշխիքների թուլացման։
Ամենամեծ վտանգն այն է, որ դատավորը կարող է իրեն զգալ ոչ թե օրենքին և Սահմանադրությանը, այլ իր հետագա պաշտոնավարումը որոշող համակարգին հաշվետու։ Իսկ երբ թուլանում է դատավորի անկախությունը, վտանգվում է նաև քաղաքացու պաշտպանվածությունը պետության կամայականություններից»։

