Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նոյեմբերի 23-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝
- «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ:
- «ԻՆՏԵՐՆԵՇՆԼ ԴԻՍՏՐԻԲՈՒՇՆ ՑԵՆՏՐ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ:
- «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 38 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2026 թվականի նոյեմբերի 29-ին կայանալիք Արագածոտնի մարզի Աշտարակ և Սյունիքի մարզի Կապան համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրականացրած մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ:
Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց հաստատել «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը:
«ԻՆՏԵՐՆԵՇՆԼ ԴԻՍՏՐԻԲՈՒՇՆ ՑԵՆՏՐ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի քննարկումը Հանձնաժողովը որոշեց հետաձգել՝ հավելյալ հարցերի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով։
Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթների շրջանակում 2026 թ․ հոկտեմբերի 22-ին մշտադիտարկել է «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության հեռարձակած «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի 2026 թ․ հոկտեմբերի 16-ի տեսագրությունը։ Մշտադիտարկման արդյունքում Հանձնաժողովը հայտնաբերել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։ Հեռարձակողը 2026 թ․ հոկտեմբերի 16-ին հեռարձակել է «Հայելի ակումբ» հաղորդումը։ Հաղորդման ընթացքում հյուր Սերգեյ Շաքարյանցը հնչեցրել է խտրական բնույթի արտահայտություններ։
Գնահատելով հաղորդման ընթացքում տարածված տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման եղանակը և ընդհանուր համատեքստը՝ Հանձնաժողովը եզրահանգեց, որ այն համապատասխանում է չափորոշիչների 4-րդ կետով սահմանված՝ ատելություն բորբոքող տեղեկատվության բնորոշմանը։ Ազգային պատկանելության հիմքով հավաքական մեղավորության վերագրումն իր բովանդակությամբ և ընդհանուր ուղերձով նպաստում է տվյալ ազգային խմբի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի, թշնամանքի և անհանդուրժողականության ձևավորմանն ու խրախուսմանը։ Հեռարձակողը վարչական վարույթի վերաբերյալ պարզաբանում կամ բացատրություն չի ներկայացրել, ինչպես նաև օրենքով սահմանված եռօրյա ժամկետում արձանագրության վերաբերյալ առարկություններ չի հայտնել։
ՀՌՀ-ն որոշեց «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել օրենքի 57-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ ընկերությանը տուգանելով 400․000 ՀՀ դրամով։
Օրակարգի վերջին հարցով Հանձնաժողովը որոշեց հրապարակել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2026 թ․ նոյեմբերի 29-ին կայանալիք Արագածոտնի մարզի Աշտարակ և Սյունիքի մարզի Կապան համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությունը և մշտադիտարկման արդյունքները։
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

