ԱՄՆ Վաշինգտոն նահանգում թռչնի գրիպով վարակվել է երեք մարդ, որոնցից մեկը մահացել է, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):
«Երեքշաբթի օրը ԱՀԿ-ն հայտարարեց, որ Միացյալ Նահանգներից ստացել է Վաշինգտոն նահանգում մարդկանց թռչնի գրիպի վարակի երեք հաստատված դեպքերի մասին ծանուցում, որոնցից մեկը մահացու է եղել», — հաղորդում են լրատվամիջոցները:
ԱՀԿ-ի տվյալներով՝ բոլոր երեք դեպքերն էլ Յակիմա շրջանի կաթնամթերքի ֆերմաներում աշխատող չափահասներ են:
«Գենետիկական թեստավորումը հաստատել է, որ բոլոր երեք վարակների պատճառը H5N1 վիրուսն է, ընդ որում՝ հայտնաբերված շտամները շատ նման են Վաշինգտոն նահանգի կաթնամթերքի անասունների մոտ հայտնաբերված շտամներին», — հաղորդում է գործակալությունը:
Առաջին հիվանդը ունեցել է թույլ ախտանիշներ, այդ թվում՝ աչքերի գրգռում և քթի հոսք, և հոսպիտալացման կարիք չի ունեցել: Երկրորդ պացիենտի մոտ, ով ունեցել է ուղեկցող հիվանդություններ, զարգացել է ծանր շնչառական հիվանդություն, որը հանգեցրել է մահվան նոյեմբերի 1-ին։ Երրորդ պացիենտի մոտ առաջացել է կոնյուկտիվիտ, նա ապաքինվել է առանց հոսպիտալացման։
ԱՀԿ-ն նշել է, որ ներկայումս առկա տեղեկատվության հիման վրա վիրուսի մարդուց մարդ փոխանցման նշաններ չկան:
Թեև հանրային առողջության ռիսկը ներկայումս գնահատվում է որպես ցածր, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) ուշադիր հետևում են իրավիճակին և, պետական իշխանությունների հետ համատեղ, հետևում են կենդանիների հետ շփված մարդկանց։

