Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց զեկուցել՝ ինչ գործընթացներ են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի պարկում՝ հիշեցնելով, որ գնվել են նոր շարժիչներ ու տեխնիկա:
Հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն ասաց, որ տեխնիկան ամբողջությամբ աշխատում է, բայց վարորդների կարիք կա:
«Մոտ 15 վարորդի կարիք ունենք, որ կարողանանք լիարժեք աշխատանքները կատարել, որովհետև բոլոր վարորդները դուրս են գալիս տարածք, և եթե մի մեքենա խափանվում է տարածքում, տվյալ վարչական շրջանում արագ փոխարինման կարիք է առաջանում։ Փաստացի պահուստային վարորդ չունենք, բայց ունենք պահուստային ավտոմեքենաներ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է շարժիչներին, ապա մատակարարված շարժիչներից 4-ն արդեն տեղադրվել են, և մեքենաները շահագործվում են: Մյուս 4-ի մասով մատակարարները դիմել են խնդրանքով՝ երկարացնելու պայմանագիրը, և սեպտեմբերի սկիզբ դրանք ևս կմատակարարվեն: