Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեմ է ՀՀ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերացնելուն. Հռչակագրի ընդունման 34-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ այս ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նշենք, որ կառավարության նիստերի դահլիճում այսօր հավաքվել էին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախկին անդամներ, Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ:
«Մեր Սահմանադրությունը հիմնված է ՀՀ Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքների և համազգային նպատակների վրա։ Այս դրույթը դարձել է ոչ միայն արտաքին թշնամու, այլև ներքին դավաճան ուժերի շահարկման առարկա»,- ասաց նա և նշեց, որ ամենահեղինակավոր կառույցները որև խնդիր չեն գտել Հայաստանի Անկախության հռչակագրում։
«ՀՀ Սահմանադրությունը և դրա համար հիմք հանդիսացող Անկախության հռչակագիրը բազմիցս բծախնդիր ուսումնասիրության են ենթարկվել մասնագիտացված ամենահեղինակավոր կառույցների կողմից։ Նրանցից որևէ մեկը այդ փաստաթղթում հակաիրավական կամ ծայրահեղական որևէ դրույթ չի նկատել»,- ասաց նախկին պատգամավորը։