«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 28-ին և 29-ին կայանալու են երկար սպասված Մյուռոնօրհնությունն ու նորոգված Մայր տաճարի վերաօծումը: Բացի այն, որ շինարարությունն անավարտ է, և այդ օրը ողջ տարածքը չի ցուցադրվելու հյուրերին, այլ՝ մի մասը, ուրիշ ինտրիգ էլ կա՝ ո՞ւմ է հրավիրելու Մայր Աթոռը, և արդյո՞ք գործող իշխանությունը մասնակցելու է այս դարակազմիկ իրադարձությանը:
Մենք տեղեկացանք, որ, ըստ եկեղեցու հաշվարկների, մոտ 2 հազար հյուրի են սպասում` Հայաստանից և սփյուռքից: Որոշվել է նաև հրավիրատոմսեր ուղարկել գործող իշխանություններին, նախ` Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, բոլոր պատգամավորներին: Հրավիրվելու են նաև նախկին նախագահները: Բայց թե հրավիրվածներից ով այդ օրը կայցելի Էջմիածին` դեռ պարզ չէ: Իշխանությունից ներկայության մակարդակից կարելի կլինի պատկերացում կազմել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների ներկա վիճակի մասին»։