Արմեն Աշոտյանի փաստաբանները Նուբարաշեն ՔԿՀ-ի դիմաց հավաքված լրագրողներին տեղեկացրեցին, որ պետք չէ սպասել Աշոտյանի ազատ արձակմանը, քանի որ ՔԿՀ աշխատակիցները տեղեկացրել են, որ նրան իրենց մեքենայով կտեղափոխեն տուն։
«Օրենքով չնախատեսված կարգ է, բայց ավանդույթ է դարձել որոշ դեպքերում»,-ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ ասաց, որ հարցի պատասխանը բոլորի համար էլ պարզ է։ «Արմեն Աշոտյանի քաղաքական հետապնդումը լայն հանրային հնչեղություն է ստացել, և այն, որ լրատվամիջոցներն այստեղ են, կարող է նա դուրս գալ, հարցեր տրվեն, պատասխաններ տրվեն, քաղաքական իշխանության տեսանկյունից այդքան էլ հարմար չէ»,-ասաց նա և նշեց, որ կարևորը վերջապես 1 տարի 3 ամիս այս պատերի ներքո անցկացնելուց հետո նա ընտանիք կվերադառնա։
Նշենք, որ դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի դեմ դատավարությունը կշարունակվի տնային կալանքի պայմաններում։