ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին ասել է, որ «ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար»։
Նա նշել է, որ շատ է քննարկվում այն հարցը՝ արդյոք Հայաստանը փորձելու է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին:
«Լիարժեք կվերականգնենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ։ Մեր շեշտադրումներից անցել է երկու տարի, պատասխաններ ոչ միայն չեն հնչել, այլ արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Ինչքան այդ պատասխանները չեն հնչում, ամեն րոպեի ու վայրկյանի հետ ՀՀ-ն ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից: Եթե մենք դեռ չենք անցել անդառնալիության կետը, մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակվելու դեպքում, մենք կանցնենք անդառնալիության կետը, և որևէ մեկը մեզ մեղադրելու լեգիտիմ առիթ ու պատճառ չի ունենա»,-ընդգծել է Փաշինյանը: