«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: Չնայած, որ Սամսոնյանն իր գրառման մեջ պատճառների մասին չէր խոսել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այս մասին: Նախ՝ տեղեկացանք, որ Անի Սամսոնյանը դեռ վաղուց է ԼՀԿ-ն լքելու մտադրություն ունեցել, քանի որ տևական ժամանակ տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ է ունեցել կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հետ: Մեր տեղեկություններով՝ այդ տարաձայնությունները դեռ եղել են այն ժամանակ, երբ պատերազմից ու ցավալի կորուստներից հետո Էդմոն Մարուքյանը որոշել է ստանձնել Նիկոլ Փաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ու տարբեր առիթներով աջակցում էր իշխանություններին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սամսոնյանի ու Էդմոն Մարուքյանի միջև տարաձայնությունները վերջին ժամանակահատվածում ավելի են խորացել, ինչի արդյունքում Սամսոնյանը որոշել է այլևս իր ճանապարհը չշարունակել կուսակցության ներսում: Տեղեկացրել է Մարուքյանին ու լքել ԼՀԿ շարքերը:
Նշենք, որ Սամսոնյանը կուսակցության առանցքային դեմքերից է, ու ակնհայտ է, որ այս որոշումը խոր արմատներ ունի: Ի դեպ, Անի Սամսոնյանը առաջիններից էր, որ Սրբազան շարժմանը իր աջակցությունն է հայտնել ու, կարծես թե, դա ևս նպաստել է վճռական որոշում կայացնելուն` ԼՀԿ-ից հեռանալու համար:
Ըստ մեր տեղեկությունների՝ Սամսոնյանը քաղաքականությունը չի թողնելու, իր ակտիվ գործունեությունը կշարունակի, սակայն դեռեւս պարզ չէ, թե ինչ ձեւաչափով: Անի Սամսոնյանը հայտարարել է, որ կուսակցությունը լքելու հետ կապված որևէ մեկնաբանություն չի անելու. այդպես է որոշել, և վերջ:
Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն լքած առաջին կին ներկայացուցիչ նախկին պատգամավորը Աննա Կոստանյանն էր, որն այժմ Սրբազան շարժման ակտիվ մասնակիցն է, արմատական ընդդիմություն»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: