«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում, ՔՊ-ական պատգամավորները, որոնք նշանակման օրվանից լեզու չգտան մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քանի որ նա լավ հարաբերություններ հաստատեց ընդդիմադիր համայնքապետերի հետ, այժմ իրենք են նույնն անում։
Մինչ մարզպետը՝ կալավանցի Ռոբերտը, արձակուրդում է, նրա աթոռին աչք դրած Դավիթ Դանիելյանը` մի խումբ ՔՊ-ական պատգամավորների հետ, շրջում է համայնքներում, շփվում ընդդիմադիր համայնքապետերի հետ: Նրան ուղեկցում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։ Ի դեպ, Քաջարանի համայնքապետարանը քաղաքի տոնի առիթով տոնական ձևավորումը վստահել էր պատգամավորի եղբորը՝ նկարիչ Արամ Դանիելյանին, նրա գեղանկարներն էլ նվիրում էին պարգևատրողներին։ Թերևս Դավիթ Դանիելյանը հասկացել է, որ պետք չէ արհամարհել համայնքապետերին, քանի որ ժողովուրդը նրանց է ընտրել»։