«Հրապարակ» թերթը գրում է. «Սրբազան շարժումը թեև այլևս չունի նախկին թափը, և բողոքի ակցիաներին այլևս տասնյակ հազարավոր մարդիկ չեն մասնակցում, սակայն փողոցի ակտիվությունը շարունակում է մտահոգել իշխանություններին, և նրանք շարունակում են խոշորացույցով փնտրել-գտնել շարժմանն աջակցող գործարարներին, որ ուժայինների կամ հարկային մարմինների միջոցով ճնշեն և թույլ չտան օգնել ընդդիմությանը։
Բնականաբար, առաջին հերթին ճնշում են շարժման ակտիվ մասնակիցներին և նրանց մերձավորներին: Որոշ ժամանակ առաջ, օրինակ, խուզարկություն են իրականացրել շարժման առաջնորդներից պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եղբոր ընկերությունում։ Դանիելյանը թեև չհերքեց այդ փաստը, սակայն չցանկացավ մանրամասներ հայտնել»։