ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը: Այս մասին ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Հիշեցնենք, որ այդ նիստին Հայաստանը հրաժարվել է մասնակցել, չբացառելով նաև հետագայում ՀԱՊԿ կազմակերպությունից դուրս գալու հավանականությունը:
«Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և մեր բոլոր պարտավորությունները մնում են Հայաստանի հանդեպ, սակայն կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանը կհստակեցնի Հայաստանի կարգավիճակը կազմակերպությունում։
«Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը դեռ կպարզաբանի իրավիճակը, և պաշտոնական որոշում կլինի՝ լինե՞լ կազմակերպության մաս, թե՞ ոչ»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը: