Դաղստանում կիրակի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից և մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Դերբենտի ուղղափառ եկեղեցում ավելի քան 40 տարի հոգևոր ծառայութուն մատուցած հայր Նիկոլայը։
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ Դերբենտում, մի խումբ զինված անձինք կրակ են բացել սինագոգի և ուղղափառ եկեղեցու ուղղությամբ, ինչի հետևանքով շենքերում հրդեհ է բռնկվել։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում տեղեկություն է ստացվել նաև Մախաչկալայում ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա հարձակման մասին։ Բացի այդ, ևս մեկ հարձակում է տեղի ունեցել Սերգոկալա գյուղում, որտեղ ահաբեկիչները կրակել են ոստիկանական մեքենայի վրա՝ վիրավորելով մեկ ոստիկանի։
Դաղստանի Հանրապետությունում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է սահմանվել, իսկ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչություն» հոդվածով։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունն հայտնել է Դաղստանի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովն՝ իր թելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում։
Մելիքովի խոսքով՝ Մախաչկալայում և Դերբենտում օպերատիվ մարտական գործողությունների ակտիվ փուլն ավարտվել է, ոչնչացվել է վեց ահաբեկիչ։ Նա նաև նշել է, որ Դաղստանում իրավիճակը գտնվում է պետական կառույցների և իրավապահների վերահսկողության տակ։
Շրջանի ղեկավարը նաև հավելել է, որ հունիսի 24-ին,25-ին ու 26-ին Դաղստանում սգո օրեր են հայտարարվել։
Ազգային հակաահաբեկչական կոմիտեի (ԱՀԿ) տեղեկատվական կենտրոնի աղբյուրներից էլ ՏԱՍՍ-ին փոխանցել են, որ երկրում հակաահաբեկչականգործողությունների շրջան է հայտարարվել:
«Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, ահաբեկչական հանցագործությունները կասեցնելու և զինված հարձակման մեջ ներգրավված անձանց ձերբակալման նպատակով Դաղստանի Հանրապետության ՌԴ ԱԴԾ վարչության պետը որոշել է հակաահաբեկչական գործողություն իրականացնել և ՀԱԳ իրավական ռեժիմ սահմանել», – ասված է ԱՀԿ-ի հայտարարության մեջ:
Այժմ աշխատանքներ են տարվում զինված անձանց որոնելու և վնասազերծելու ուղղությամբ, որոնք կրակել են Մախաչկալայի և Դերբենտի եկեղեցիների և սինագոգի շենքերի վրա։