Այս սեզոնին ակտիվացել է տարատեսակ վայրերում փողոցային առևտուրը, պետք է խնդրեմ Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ համապատասխան գործողություններ իրականացնել։
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, դիմելով Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանին, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խնդրելով որոշակի ժամանակահատված հավելյալ ակտիվությամբ գործողություններ իրականացնել և կենտրոնանալ այս խնդրի վրա։
Անդրադառնալով մայրաքաղաքում գովազդային պաստառներով տուրիստական միկրոավտոբուսների առկայությանը՝ Ավինյանը նշեց, որ այս ուղղությամբ ևս պետք է որոշակի գործողություններ ձեռնարկել։
«Ես պարբերաբար տեսնում եմ, որ տարբեր տեղերում հայտնվում են տարօրինակ գովազդային պաստառներով տուրիստական միկրոավտոբուսներ, դրանց քանակը գնալով ավելանում է, ուստի այդտեղ էլ պետք է խնդրեմ, որ որոշակի գործողություններ լինեն։ Քանի որ մեր՝ դրան հրապարակայնորեն չանդրադառնալը բերում է «մետաստազների», և դրանք, մասնավորապես, սկսում են տարածվել, մենք կքննարկենք և հարցի վերջնական կարգավորման համապատասխան միջոցներ կձեռնարկենք», – նշեց նա։