Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա, ավելի քան 120-ը վիրավորվել է, հայտնում են քաղաքային իշխանությունները։ Այս մասին գրում է bbc.com-ը:
ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 124 մարդ։ Տուժածների թվում, ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով, կա 27 երեխա։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակումն իրականացվել է կասետային մարտագլխիկով ATACMS մարտավարական հրթիռների կիրառմամբ։ Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Սևաստոպոլում արձակված հրթիռներից չորսը խոցվել են։
«Եվս մեկ հրթիռ, վերջին փուլում հակաօդային պաշտպանության համակարգերի խոցման հետևանքով, շեղվել է թռիչքի հետագծից, ինչից հետո դրա մարտագլխիկը պայթել է օդում՝ քաղաքի տարածքում», – ասել է Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոզժաևը:
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով հրթիռի բեկորներն ընկել են մարդաշատ քաղաքային լողափում:
Սևաստոպոլում հունիսի 24-ը սգո օր է հայտարարվել։ Չեղարկվել են բոլոր մշակութային, մարզական և այլ հանրային միջոցառումները։ Հեռուստատեսությամբ և ռադիոյով ժամանցային հաղորդումներ չեն հեռարձակվի։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հրթիռային հարվածի մեղավորը Վաշինգտոնն է՝ Ուկրաինայի հետ միասին։