«Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը». այս մասին գրում է ԵՊՀ ռեկտոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը:
«Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի և նրա ղեկավարած մասնագետների հմուտ թիմի հետ են կապված մեր երկրում ակնաբուժության ոլորտում գրանցված լրջագույն ձեռքբերումները: Չորս տասնամյակից ավելի հմուտ ակնաբույժին հաջողվել էր համատեղել գիտամանկավարժական և կլինիկական գործունեությունը՝ փրկելով ու վերականգնելով հարյուրավորների տեսողությունը, լուծելով ակնային խնդիրները:
Բժիշկ-գիտնականն ակնաբուժության ոլորտի նվիրյալներից էր: Նրա խոսքն արժեքավոր ու ծանրակշիռ էր կրտսեր գործընկերների համար, որոնք այսօր հաջողությամբ շարունակում են զարգացնել ակնաբուժությունը մեր երկրում:
Պրոֆեսորադասախոսական կազմի, կոլեգաների, ուսանողների անունից մեր ցավակցությունն ենք հայտնում Մալայանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18:00-ից 20:00-ն»: