«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված իշխանության դեմ հրապարակային արտահայտվողների։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ քննչական կոմիտեի աղբյուրների փոխանցած տեղեկությունների համաձայն՝ թատերագիր, սցենարիստ, գրող Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու, և մեղադրանքը վերջինիս նկատմամբ անխուսափելի է լինելու։
Նշենք՝ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հունվարի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-ի կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որն իրականացվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։
Այս գործընթացից բացի, իրավապահները մեկը մյուսի հետևից ծանուցումներ են ուղարկում «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամներին: Նրանք փնտրում են 2024 թվականին Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում «դավաճան», «հողատու» վանկարկողներին: Այս դեպքով մեկ տարեց պապիկ՝ Տիգրան Դրմեյանը, արդեն մեղադրյալի աթոռին է, ու գործը դատարանում է»։