2022թ-ին ՀՀ-ում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 266 դեպք, մինչդեռ 2023-ին դեպքերի աճը կազմել է 123,7 տոկոս և արձանագրվել է 2 804 դեպքով ավելի՝ 5070 դեպք: Այսօր թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում վիճակագրական տվյալները ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտեի թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը։
Նա նաև 2024-ի առաջին եռամսյակի ցուցանիշները ներկայացրեց՝ նշելով, որ արձանագրվել է 1 130 դեպք, նախորդ տարվա 980-ի դիմաց. 14,1 տոկոսով ավելի։
Ըստ նրա՝ մեծ թիվ են կազմել համացանցի միջոցով իրականացվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը։
Պաշտոնյան նշեց, որ նաև թվերի աճ կա պատասխանատվության ենթարկված անձանց մասով։ «2023-ի առաջին եռամսյակում 144 անձ էր ենթարկվել պատասխանատվության, իսկ այս տարի այդ թիվը հասել է 301-ի»,-ասաց նա։
Համբարյանը նշեց, որ մաքսանենգ ճանապարհով ներմուծելու դեպքերը ևս մեծացել են։
Նա նկատեց, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1 105 դեպք դատարան է ուղարկվել, ինչը մեծ թիվ է նախորդ տարիների համեմատ։
«Կա կարծիք, որ ծավալները աննախադեպ չափերի են հասել, բայց թվերով պետք չի այդպես մտածել, սա կարող է խոսել իրականացված թվերի ու պայքարի մասին։ Ապրում ենք 21-րդ դարում և չկա հասարակություն և երկիր, որտեղ չեն առնչվում այս խնդրին»,-ասաց նա։