Պնդումը, թե Հայաստանում լիակատար գործող ժողովրդավարություն է՝ իրականություն չէ. Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
«Հայաստանը ժողովրդավարության լուրջ դեֆիցիտի է բախվում, ներառյալ ճնշումները՝ ընդդիմության նկատմամբ, քաղաքական ճնշումներով քրեական գործեր, և այլն: Մեդիաազատության, դատական և այլ դրույթները ճշգրիտ չեն արտահայտում այն պայմանները, որոնք տիրում են մեր երկրում։ Ներկայումս ընդդիմադիր ուժերը բախվում են հետապնդման, և դա էապես ազդում է այն հայտարարությունների վրա, որոնք մենք պետք է հարգենք»,-ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ գնահատում են Ադրբեջանի շարունակական ագրեսիայի դեմ ուղղված հայտարարությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման դեմ, տեղահանվածների վերադարձի իրավունքին, բանտարկյալների և գերիների ազատմանն ուղղված կոչերը։
«Կոչ ենք անում ԵՄ-ին առաջ անցնել հռետորաբանությունից և արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ՝ հանուն միջազգային իրավունքի համապատասխանության»,-ընդգծեց ԱԺ պատգամավորը:
Նա հավելեց, որ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից միջազգային իրավունքի լուրջ խախտում է. «Կոչ ենք անում Եվրոպայի Միությանը ջանքեր գործադրել, որպեսզի տեղահանվածները կարողանան ապահով վերադառնալ՝ միջազգային պաշտպանվածության ներքո, ինչպես նաև աջակցեն Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների ազատմանը»: