Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չի դիտարկում Ուկրաինայում հրադադարից հետո եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ այս հարցը պետք է համաձայնեցվի երկու կողմերի միջև, սակայն «Ռուսաստանին ոչ ոք չի հարցրել»։
«Մեզ ոչ ոք այդ մասին չի հարցրել։ Այս մոտեցումը, որը պարտադրում են եվրոպացիները, առաջին հերթին՝ Ֆրանսիան, ինչպես նաև բրիտանացիները, նպատակ ունի էլ ավելի թեժացնել այս հակամարտությունը և ճնշել այն հանդարտեցնելու ցանկացած փորձ»,- Դոհայում մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է «Կոմերսանտ»-ի հարցին Սերգեյ Լավրովը։
Նա նաև ասել է, որ Եվրոպան փորձում է բացահայտորեն տապալել Ուկրաինայում հակամարտության կարգավորումը, հայտարարում է Կիևին ռազմական օգնության նոր մեծ փաթեթների մասին, դրդում նրան շարունակել ռազմական գործողությունները: Որպես այս պնդման ապացույց՝ նա ներկայացրել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի այն հայտարարությունը, որ տվյալ իրավիճակում Ուկրաինայի համար խաղաղությունն ավելի վատ է, քան պատերազմը:
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայելը։ Միևնույն ժամանակ, ըստ Թրամփի, այդ ուժերը պետք է տեղակայվեն այնպիսի ձևով, որն ընդունելի կլինի հակամարտության բոլոր կողմերի համար։
«Մեզ պետք են խաղաղապահներ… բոլորի համար ընդունելի ձևով», – ասել է Թրամփը: Նրա խոսքով, ապագայում Ուկրաինային օգնություն տրամադրելու պատասխանատվությունը պետք է կրի Եվրոպան, ոչ թե ԱՄՆ-ն։
«Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Եվրոպան է պատասխանատվություն կրելու դրա համար»,- ասել է նա։
Սպասվում է, որ փետրվարի 27-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Դոնալդ Թրամփին կներկայացնի Ուկրաինայում մինչև 30,000 եվրոպացի զինծառայողներ տեղակայելու ծրագիրը։ Այս պլանը մշակվել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից. Փարիզն ու Լոնդոնը ցանկանում են, որ ԱՄՆ-ն ապահովի կրակային աջակցությունը՝ այն է՝ կործանիչների և այլ սարքավորումների տեղակայումն Ուկրաինայի հարևան երկրներում, գրում է The Telegraph թերթը։