Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դևինը և Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ Էթիեն Բլանկը ողջունել են Հայաստանի հանձնառությունն Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնության հասնելու հարցում: Նրանք կոչ են արել շուտափույթ ստորագրել պայմանագիրը՝ առաջ մղելու Հարավային Կովկասում կայուն խաղաղ գործընթացը, հայտնում է 1lurer.am-ը:
Ըստ հայտարարության հեղինակների՝ սույն պայմանագրի ստորագրումը պետք է հանգեցնի Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր բանտարկյալների ազատ արձակմանը և Միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշման արդյունավետ կատարմանը, որով ամրագրվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ ու անարգել վերադարձի իրավունքը՝ պահպանելով նրանց իրավունքները։
«Այս պայմանագրի ստորագրումը պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առաջին քայլը։ Նպատակն է հասնել հարաբերությունների կարգավորման՝ հարգելով երկու պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասվում է հայտարարությունում։
Նշվում է նաև, որ մինչև այս պայմանգրի ստորագրումը Եվրամիության դիտորդական առաքելությունը, որի գործունեությունը երկարաձգվել է մինչև 2027 թվականը, կշարունակի իր աշխատանքը: «Նրա դերը նշանակալի է, քանի որ այն զգալիորեն կրճատել է միջադեպերի թիվը առճակատման բարձր ռիսկ ունեցող տարածքներում»:
«Այսօր խոսքը Հարավային Կովկասում խաղաղության հարցի քննարկման մասին է՝ փոխշահավետ համագործակցության հեռանկարներով բաց տարածաշրջանի պայմաններում, որը կխթանի փոխանակումներն ու տարածաշրջանի ժողովուրդների բարգավաճումը»,- ասվում է հայտարարության մեջ։