Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահ Նուման Քուրթուլմուշը կոչ է արել հաստատություններին և ժողովրդին պատրաստվել Թուրքիայում ավերիչ երկրաշարժին, որն արդեն «դռան շեմին է», հայտնում է պետական «Անադոլու» գործակալությունը։
Նա այդ մասին ասել է այն բանից հետո, երբ Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը (AFAD) այսօր հայտնել էր Ստամբուլում համապատասխանաբար 6,2 և 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի մասին։ Դրանց հաջորդել է 10 հետցնցում:
Թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գյորուրը, որը բազմիցս զգուշացրել է իշխանություններին Ստամբուլում ավերիչ երկրաշարժերի մեծ հավանականության մասին, չորեքշաբթի օրվա ցնցումներից հետո ասել է, որ «իշխանությունների ժամանակը սպառվում է»։
Քաղաքապետարանի հաշվարկներով՝ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում կփլուզվի առնվազն 90,000 շինություն, մոտ 4,5 միլիոն քաղաքացի կարող է ժամանակավոր կացարանի կարիք ունենալ։
«Ստամբուլում սպասվող երկրաշարժն արդեն շեմին է, մեր հաստատությունները, մեր ժողովուրդը, բոլորս պետք է պատրաստ լինենք հնարավոր երկրաշարժը նվազագույն կորուստներով հաղթահարելու»,- ասել է Քուրթուլմուշը։