Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Լիբանանի նախագահն իր ուղերձում ընդգծել է, որ Ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ, այլ արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հիմնարար արժեքների վերահաստատում։
«Դա հիշեցում է աշխարհին բռնության, ծայրահեղականության և մեկուսացման բոլոր ձևերի դեմ կանգնելու կարևորության մասին», – ասել է Աունը:
Աունը վերահաստատել է Լիբանանի անսասան համերաշխությունը հայ ժողովրդի հետ՝ այս սկզբունքները պահպանելու համար նրա խաղաղ պայքարում։ Նա նաև բարձր է գնահատել ծագումով հայ Լիբանանի քաղաքացիների ներդրումը` ընդգծելով նրանց երկարամյա և կառուցողական դերը Լիբանանի քաղաքական, տնտեսական, մշակութային և գեղարվեստական կյանքում:
«Նրանք միշտ եղել են Լիբանանի բազմազան և առատորեն միահյուսված ինքնության անբաժանելի մասը», – ասաց Աունը:
Եզրափակելով իր հայտարարությունը նախագահն ասել է. «Թող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը, անարդարության ու ագրեսիայի բոլոր զոհերը ողջ աշխարհում։ Թող Աստված պահապան լինի Լիբանանին և նրա ժողովրդին բոլոր չարիքներից»։