Հարգանքի տուրք եմ մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի դաժան պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանցի հայերին և իմ ցավակցությունը հայտնում նրանց թոռներին. այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին հղած ուղերձում, փոխանցում է Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» թերթը։
«Մենք դեռ մեր սրտերում զգում ենք Օսմանյան կայսրության ավարտին հաջորդած պատերազմի տարիներին՝ անկարգությունների, հանցավոր շարժումների, զինված խմբերի կողմից իրականացված բռնությունների և համաճարակների պատճառով կորսված կյանքերի ցավը», – ասել է Էրդողանը, որը շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության պատմական փաստը:
Իր ուղերձում Էրդողանը պնդում է՝ «անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան»։
«Մենք, որ դարեր շարունակ միասին ապրել ենք այս երկրի հողի վրա, այսօր էլ նախկինի պես շարունակում ենք կիսել մեր ուրախություններն ու տխրությունները: Անկախ պատճառից, մենք թույլ չենք տվել, որ մեկ մարդու նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորվի և այսուհետ էլ երբեք թույլ չենք տա։ Մեր երկրի մշակույթի, արվեստի, քաղաքականության, տնտեսության, կրթության և սոցիալական կյանքում արժեքավոր ներդրում ունեցած մեր հայ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը կշարունակեն մնալ մեր առաջնահերթությունը, ինչպես մյուս բոլոր քաղաքացիների դեպքում…
Այս մտքերով ես անկեղծորեն կիսում եմ անցյալում հայ հասարակության ապրած ցավերը և ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում իրենց կյանքը կորցրած բոլոր օսմանցի քաղաքացիներին», – ասված է ուղերձում։
Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանությունը խլել է ավելի քան 1,5 մլն հայի կյանք: Թուրքիան շարունակում է հերքել պատմական փաստը: