«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում հայտնի միջադեպից հետո մանդատը վայր դրած ՔՊ-ական նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին նախօրեին խորհրդարանի շքամուտքում հարցրինք՝ ինչպե՞ս ստացվեց, որ հարբած լինելու համար Ձեզ հարկադրեցին հրաժարվել մանդատից, մինչդեռ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը տեսախցիկների առջև խմբակային ծեծի ենթարկեց քաղաքացուն, բայց շարունակում է պաշտոնավարել։ ՔՊ-ական նախկին պատգամավորը մեր հարցին հարցով պատասխանեց․ «Բայց ո՞վ է ինձ մանդատից զրկել»։ Չե՞ն զրկել։ «Ըտենց մեկը չկա, որ կարողանա ինձ մանդատից զրկել»։
Այսինքն՝ Դուք ինքնակա՞մ եք վայր դրել, ասում են՝ վերևներից են հրահանգել։ «Խնդրում եմ, էլի»։ Ինքնուրո՞ւյն եք այդ որոշումը կայացրել։ «Չէ, զենքը դրել են գլխիս, ասել են՝ դիր»։ Եթե չդնեիք, կուսակցության վարչությունում քննելու էին Ձեր հարցը։ «Ի՞նչն էին քննելու»,- նյարդայնացավ նախկին պատգամավորը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։ Իսկ թե ինչու է խորհրդարան գնում, ասաց՝ գործեր ունի»։