Հուլիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
«Վերջին շրջանում ԱՄՆ հետ մենք ձևավորել ենք ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում, և շատ կարևոր է, որ մոտ մեկ ամիս առաջ կայացրեցինք համատեղ որոշում բարձրացնել մեր համագործակցության մակարդակը ռազմավարական գործընկերության»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարար և հավելել, որ ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացումը միտված է նաև ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, ինչը հայկական կողմը բարձր է գնահատում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին և արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաև ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող շարունակական մարտահրավերներին: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության ու երկարատև խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասով: Ադրբեջանի հետ ընթացող գործընթացների համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության ապահովման և բանակցված խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման, ինչպես նաև մարդասիրական բնույթի հարցերի:
ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ խորհրդարանականները մտքեր են փոխանակել Հայաստանի արտաքին քաղաքականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: