Հուլիսի 2-ին Միածնաէջ Մայր Տաճարում հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության, նեղյալների մխիթարության համար Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Իր քարոզում Սրբազան Հայրն ընդգծեց, որ Քրիստոսի և առաքյալների գործունեությունն ընթացել է զրկանքներով՝ հիշեցնելով Տիրոջ խոսքը. «Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհ. 15:20), որպես զգուշացում բոլոր դարերում հավատացյալներին սպասվող դժվարությունների մասին։
«Մեր ժամանակներն այսօր էլ հիշեցնում են Տիրոջ երկրային կյանքի տարիները և առաքյալների գործունեության ժամանակները, քանի որ այսօր էլ Եկեղեցու հանդեպ ծավալվում են տարատեսակ դատապարտելի արշավներ, Փրկչի կենարար վարդապետության դեմ դրվում են կեղծ գաղափարախոսություններ։ Ինչպես երբեմն Հավիտենական և Խաղաղության թագավորի փոխարեն՝ հրեից թագավոր էին փնտրում, մարդկանց հոգիների Փրկչի փոխարեն՝ հռոմեացիների լծից ապստամբ ազատարար էին փնտրում, այնպես էլ այսօր արդարությունը բարձրաձայնողների մեջ համախոհ, իսկ արժանապատիվ խաղաղության քարոզիչների մեջ՝ ըմբոստներ են փնտրում», – նշեց Սրբազան Հայրը՝ հավելելով, որ Հայրենիքի խաղաղության, ժողովրդի բարօրության համար մշտապես աղոթող եկեղեցականն է այսօր թիրախավորվում։
«Իրենց կյանքն Աստծուն, եկեղեցուն և հայրենիքին նվիրած մեր հոգևոր եղբայրներ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները և ի պաշտպանություն եկեղեցու կանգնած ու մշտապես հավատքը գործով ապրեցրած ազգային բարերար Սամվել Կարապետյանն այսօր ապօրինաբար ազատազրկված են և գտնվում են մեկուսարաններում»,- ասաց պատարագիչ Սրբազանը՝ հրավիրելով հավատավոր հայորդիներին աղոթք բարձրացնել առ Աստված, որպեսզի փարատվի նրանց միայնությունը։
Վերջում Մուշեղ եպիսկոպոսը պատգամեց հավատցյալներին հավատարիմ մնալ հոգևոր ու ազգային արժեքներին, սիրել և պայքարել հանուն ճշմարտության ու չերկնչել հալածանքներից։