Օգոստոսի 10-ին Հայաստան է ժամանել քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը:
Նրա այցը պայմանավորված է Հայ Առաքելական Եկեղեցու, հայտնի բարերար, գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարձակումներով և վերջինիս ապօրինի կալանքով։
Հայտնի փաստաբանը օդանավակայանում պատասխանեց լրագրողների հարցերին.
«Հայաստանում իմ առաքելությունն է` պաշտպանել Եկեղեցին, եկեղեցու զավակներին, Քրիստոսի զավակներին, ովքեր ապօրինաբար զրկվել են ազատությունից: Երբ մարդիկ հավատացյալ են, սիրում են իրենց եկեղեցին և իրենց երկիրը, ինչպես Սամվել Կարապետյանը, սակայն նրանց բիզնեսներն ապօրինաբար հարձակումների, ռեյդի են ենթարկվում, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Անհրաժեշտություն կա Կառավարության և Եկեղեցու միջև երկխոսության: Ես հույս ունեմ, որ կսկսվի այդ երկխոսությունը, մեղադրանքները կկարճվեն և այդ գործընթացի արդյունքում Եկեղեցին կլինի պաշտպանված: Եկեղեցին Հայաստանում առանցքային նշանակություն ունի լեզվի, կրոնի համար և բոլոր մարդկանց համար, այն կարևոր նշանակություն ունի ոչ միայն հայ քրիստոնյաների, այլև ողջ աշխարհի բոլոր քրիստոնյաների համար: Հավատացյալ բոլոր մարդիկ պետք է պաշտպանեն Եկեղեցին Հայաստանում»:
«Ես սովոր եմ տարբեր երկրների կառավարությունների ճնշմանը։ Ռուսաստանում ինձ ձերբակալել են, ինձ արգելել են մուտք գործել յոթ երկիր, արդեն 50 տարի է՝ զբաղվում եմ այս աշխատանքով», – լրագրողների հետ զրույցում օգոստոսի 11-ին Հայաստանում ասաց աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չի վախենում Հայաստանի իշխանությունների հնարավոր ճնշումից։
«Պարզ է, որ կարող է լինել ճնշում, բայց որպեսզի այդ ճնշումը հասնի իր նպատակին, պետք է լինի մեկը, ով կենթարկվի այդ ճնշմանը։ Մենք՝ պաշտպանելով իրավունքները, չենք ճկվում», – պարզաբանել է նա։
Ամստերդամը ափսոսանքով նշել է, որ իշխանությունները որոշ դեպքերում օգտագործում են եկեղեցին քաղաքական նպատակներով՝ փոխանակ նրան վերաբերվելու որպես պաշտամունքի օբյեկտի։
«Ես հասկանում եմ խնդրի զգայունությունը և հասկանում եմ, որ Հայաստանը քրիստոնյա պատանդներ ունի Ադրբեջանում։ Միևնույն ժամանակ, սա չափազանց զգայուն թեմա է, ես նույնիսկ չեմ մեկնաբանի այդ հարցը։ Երբ մարդիկ պատանդ են, պետք է թույլ տալ, որ կառավարությունները զբաղվեն այդ հարցերով։ Չեմ ուզում ոչինչ ասել այդ մասին։ Մենք բոլորս պետք է աղոթենք նրանց անվտանգ ազատման և վերադարձի համար», – նշել է նա։
Իրավաբանը ընդգծել է, որ քայլ է անում Հայաստանի կառավարությանն ընդառաջ՝ քննարկումներ անցկացնելու համար։
«ԱՄՆ-ում ես հանդիպումներ եմ ունեցել, սակայն անհրաժեշտ կլինի նաև Հայաստանում հանդիպումներ, քննարկումներ անցկացնել, պետք է ջանքեր գործադրել, ժամանակ է պետք, որպեսզի փորձենք շարժել գործը մեռյալ կետից և պաշտպանել քրիստոնյաներին», – եզրափակել է Ամստերդամը։
Նշենք, որ քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբանի արտահերթ այցը կապված է մի քանի աղմկահարույց գործերի հետ՝ արքեպիսկոպոսների գործը, ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու վրա, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը։