Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում ընթացքի մեջ է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր առանձնատան կառուցումը։ «Հետքի» նկարահանող խմբի այցելության ժամանակ (հուլիս 2025թ․) շինարարներն առանձնատան դիմացի լողավազանն էին կառուցում։ Գյուղացիները գիտեն, թե դա ում տունն է։ Այս մասին գրում է «Հետք»-ը:
«Առանձնատունը գերիշխող դիրք ունի հարակից տների նկատմամբ, կառուցապատվող հողամասը պարփակված է լեռներով։ Առանձնատնից բացվում է տեսարան դեպի Սեւանա լիճ։ Տունը լճի ափից հեռու է մոտ 385 մետր։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ առանձնատունն իր համար չէ, ինքը նախընտրում է Սեւանա լճի ափին գտնվող Նկարիչների միության հանգստյան տունը։ Նշենք, որ այն խորհրդային տարիներին է կառուցվել եւ անմխիթար վիճակում է։
36-ամյա Տիգրան Ավինյանը պետական եւ համայնքային պաշտոններ սկսել է զբաղեցնել 2017 թ․-ից։ Այդ ժամանակ նա Երևանի ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամ էր։ 2018 թ.-ի իշխանափոխությունից հետո Տիգրան Ավինյանի կարիերայում բեկումնային փոփոխություն եղավ՝ նա նշանակվեց ՀՀ փոխվարչապետ եւ պաշտոնավարեց մինչեւ 2021 թ․-ը։ Այդ տարվա Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին Տիգրան Ավինյանը չմասնակցեց, նրա անունը չկար ՔՊ-ի համամասնական ցուցակում։ Սակայն մեկ տարի անց Ավինյանը դարձավ Երևանի քաղաքապետի տեղակալ, ապա՝ 2023 թ․-ի ավագանու ընտրությունների արդյունքներով, մեծ դժվարությամբ, ընտրվեց Երևանի քաղաքապետ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: