Սեպտեմբերի 4-ին եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրանց մեղադրել է ռուսական նավթ գնելու միջոցով Ուկրաինայում «պատերազմը ֆինանսավորելու» համար և կոչ է արել Մոսկվային զրկել եկամտի այդ աղբյուրից: Ամերիկյան CNN հեռուստաալիքը և Axios առցանց պարբերականը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրին, հաղորդել են, որ «մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը վառելիքի վաճառքից ԵՄ-ից ստացել է 1,1 միլիարդ եվրո»:
Ի պատասխան Թրամփի մեղադրանքների՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ պատերազմ սկսվելուց հետո ԵՄ երկրների կողմից ռուսական նավթի գնումների ծավալը կտրուկ նվազել է, և միայն Հունգարիան ու Սլովակիան են նավթ ներմուծում Ռուսաստանից: Bild-ն էլ հաղորդում է, որ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը եվրոպական երկրներին մեղադրել է Հնդկաստանի միջոցով ռուսական նավթ գնելու համար:
ԱՄՆ նախագահը եվրոպացի առաջնորդներին նաև կոչ է արել տնտեսական ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ ռուսական ռազմական գործողությունները ֆինանսավորելու համար: Եվրոպական երկրների կողմից ներկայումս պատրաստվող վերջին պատժամիջոցները Չինաստանին չեն վերաբերում: Եվրոպացիներն էլ ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Միացյալ Նահանգներն ինքը դեռևս պատժամիջոցներ չի կիրառել Չինաստանի նկատմամբ, որը, ինչպես Հնդկաստանը, ռուսական նավթի խոշոր գնորդ է։ Մինչդեռ Հնդկաստանի նկատմամբ կիրառվում է մինչև 50 տոկոս մաքսատուրք:
Դոնալդ Թրամփի հետ տեսակոնֆերանսից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե նախագահ Պուտինը շարունակի խուսափել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ խաղաղ բանակցություններից, Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կկիրառվեն՝ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված։ Եվրոպացիներն առաջարկել են 48 ժամվա ընթացքում իրենց ներկայացուցիչներին ուղարկել Վաշինգտոն՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ աշխատանքային խումբ ստեղծելու համար։ Առաջարկին Թրամփի համաձայնության մասին առայժմ տեղեկություն չկա: