«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ստացել է տեղեկություն, ըստ որի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վերաբերյալ ընթացքի մեջ է որոշակի վարույթ։
Հարցմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից պահանջել էինք տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Արդյոք Անահիտ Մանասյանի վերաբերյալ ձեր հանձնաժողովում իսկապես հարուցվե՞լ է վարույթ։
2. Եթե այո, ապա ի՞նչ հիմքով եւ ո՞ւմ դիմումի կամ հաղորդման հիման վրա է այն հարուցվել։
3. Ի՞նչ հարցի շուրջ է վարույթը եւ ի՞նչ փուլում է ներկայումս գտնվում։
4. Ե՞րբ է նախատեսվում վարույթի ավարտը կամ եզրակացության ընդունումը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանից «Ժողովուրդ» օրաթերթը ստացավ հետեւյալ պատասխանը։
«Հանձնաժողովը, քաղաքացու դիմումի հիման վրա, 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վարքագծի կանոնների առերեւույթ խախտման հիմքով հարուցել է վարույթ, որը գտնվում է ընթացքի փուլում։
Միաժամանակ, հաշվի առնելով, որ վարույթը ներառում է մասնավոր անձանց անձնական կյանքին վերաբերող գաղտնի եւ զգայուն տվյալներ, հիմք ընդունելով մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության պահպանման անհրաժեշտությունը եւ առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հանձնաժողովի կողմից վարույթի հանգամանքների եւ դիմողի ինքնության վերաբերյալ այլ մանրամասներ վարույթի իրականացման ընթացիկ փուլում չեն կարող տրամադրվել»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։
Հանձնաժողովից օրաթերթին հորդորել են նաեւ հնարավորության դեպքում զերծ մնալ սույն վարույթի վերաբերյալ, մինչեւ դրա ավարտը, հրապարակում կատարելուց, իսկ օրենքով սահմանված կարգով՝ վարույթի իրականացման առավելագույն ժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 29-ն է։
«Ժողովուրդ» օրաթերթը տիրապետում է վարույթի բոլոր մանրամասներին, բայց զերծ կմնանք որեւէ հրապարակումից՝ սպասելով, որ ԿԿ հանձնաժողովը «պատժի» օմբուդսմենին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

















