Ռուսաստան-Հայաստան հարաբերություններն ավելի հասուն են դառնում, բայց դա չի նշանակում, որ որևէ տարաձայնություն չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք փոխվում ենք, մեզ շրջապատող աշխարհը փոխվում է։ Հարաբերությունները ինչ-որ նոր հատկանիշներ են ձեռք բերում։ Չեմ վախենա ասել, որ դրանք ավելի հասուն են դառնում։ Դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվում են, որ չկան տարաձայնություններ, ինչ-որ թյուրիմացություններ։ Դա վերաբերում է երկրների կենսական շատ կարևոր շահերին, տնտեսական, սոցիալական շահերին։ Դրա համար էլ քննարկումներ են ընթանում։ Դա նորմալ է: Գլխավորն այն է, որ պետք է շարժում լինի երկու կողմից: Հիմա սիրում են տանգոյի փոխաբերությունը: Տանգոյի համար երկուսն են անհրաժեշտ այս պարագայում: Դա հենց դրա մասին է»,- ասաց դիվանագետը։
Մինչդեռ, Կոպիրկինի խոսքով, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն հանգում միայն տնտեսությանը, որքան էլ դա կարևոր լինի։ Ռուս-հայկական հարաբերությունները ոչ միայն և ոչ այնքան միջպետական հարաբերություններ են, որքան ժողովուրդների միջև հարաբերություններ։ Եվ այս համատեքստում շատ կարևոր է հարաբերություններում մարդասիրական օրակարգը։

















