Իրանում Ադրբեջանի դեսպանատունը հուլիսի 15-ից վերսկսել է իր գործունեությունը, հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Ադրբեջանի դեսպանն ու դեսպանության կազմը վերադարձել են Իրան։
Ադրբեջանական դեսպանատունը, ըստ հաղորդագրության՝ գործելու է նոր հասցեում․ «Իրանական կողմը, որպես հավատարմագրման երկիր, «դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» շրջանակներում անվտանգության ապահովման իր պարտավորությանը համապատասխան, դեսպանության նոր շենքի առջև իրականացրել է համապատասխան միջոցառումներ՝ պահպանությունն ապահովելու ուղղությամբ»։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից նշում են, որ դեսպանատան աշխատանքի վերսկսումը կնպաստի ադրբեջանա-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանը։
Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը Իրանում դադարեցվել էր 2023-ի հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո։ «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված անձը մուտք էր գործել պահակակետ և սպանել անվտանգության ծառայության պետին։ Միջադեպի հետևանքով նաև վիրավորվել էր դեսպանատան երկու աշխատակից։ Հարձակում գործած անձը ձերբակալվել էր և, ըստ ադրբեջանական մամուլի՝ մահապատժի ենթարկվել։