«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 14-ին եւ 15-ին Երեւանում նոր սկանդալային միջոցառում է տեղի ունենալու, որը կազմակերպվել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ Աղոթք-նախաճաշ՝ Christian Prayer Breakfast, որի գաղափարը վերցրել են ԱՄՆ ավանդույթներից, որտեղ համարում են, որ միասին աղոթք անելը, մարմնական եւ հոգեւոր սնունդ ընդունելն օգնում են մարդկանց, անկախ քաղաքական, կրոնական եւ այլ հայացքներից, կարեւոր հարցերով ճիշտ որոշումներ կայացնել:
Բնականաբար, հայաստանյան իրականության մեջ այս գաղափարը խեղաթյուրվում է գոնե այն պատճառով, որ հոգեւոր միջոցառումն անցկացվելու է Երեւանի կենտրոնում՝ Ազգային պատկերասրահում եւ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, իսկ դրանից քիչ հեռու՝ «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում խղճի բանտարկյալներ են պահվում, այդ թվում` եկեղեցու սպասավորներ: Միջոցառմանը լինելու են հրավիրյալ մասնակիցներ, որոնց ծախսերը հոգալու է ՀՀ կառավարությունը: Մյուսները, ովքեր իրենց ցանկությամբ են գալու, իրենք են հոգալու իրենց տրանսպորտի ու հյուրանոցի ծախսերը: Առաջին օրը Ազգային պատկերասրահում պանելային քննարկումներ են տեղի ունենալու, ամենեւին ոչ հոգեւոր թեմաներով՝ բիզնես եւ էթիկա, արհեստական բանականություն, խոսելու են Թրամփի ճանապարհի մասին՝ որպես միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղու, «Կանայք, անվտանգություն եւ խաղաղություն» թեման է շոշափվելու, Աննա Հակոբյանի սիրած՝ ընտանիքի, հավատքի մասին են խոսելու եւ այլն: Իսկ հաջորդ օրը «Արմենիա Մարիոթում» 10․00-13.00-ն կայանալու է բուն աղոթքի նախաճաշը, հետո մարդիկ գնալու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Էջմիածնի թանգարան, երեկոյան էլ՝ Երիտասարդական թատրոն:
Որքան էլ զարմանալի է, միջոցառման մասին, որին մասնակցելու են բազմաթիվ հրավիրյալներ՝ արտասահմանյան երկրներից, որեւէ պաշտոնական տեղեկություն չկա․ ոչ մի հաղորդագրություն, ոչ մի իրազեկում, ոչ մի լուսաբանում՝ գոնե իշխանական ԶԼՄ-ների կողմից, չհանդիպեցինք: Միայն արտասահմանցի գործիչներն են որոշ մտահոգիչ տեղեկություններ հաղորդում: Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը, օրինակ, գրում է. «Հայաստանում տեղի կունենա աղոթքի նախաճաշ, եւ ես ուզում եմ, որ հասկանաք՝ աղոթքի նախաճաշ տեղի կունենա այն ժամանակ, երբ իմ հաճախորդ Սամվել Կարապետյանը գտնվում է բանտում, արքեպիսկոպոսները բանտարկված են, հոգեւորականները բանտարկված են, երկրի առաջնորդը փորձում է ճեղքել Եկեղեցին՝ մասնակցելով պատարագներին, որոնք կազմակերպվում են հեռացված քահանայի կողմից, մարդու, որը հայտարարել է, որ պատրաստվում է հեռացնել Եկեղեցու առաջնորդին: Այս մարդուն պատվում են ամերիկացի քրիստոնյաները Երեւանում, Հայաստանում»:
Քաղաքագետ-իրավաբան, ամերիկաբնակ Ռոբերտ Մարգարյանն էլ այս միջոցառման մասին մանրամասներ պարզելու համար փորձել է մասնակցության հայտ թողնել եւ բացահայտել է կապը «Կրթվելը նորաձեւ է» շարժման հետ: Պարզվում է՝ «Աղոթքի» կազմակերպիչը, որը պատասխանում է միջոցառման պոտենցիալ մասնակիցների նամակ-հայտերին, վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած այդ շարժման կազմակերպիչ-նախագահ, քաղաքագետ Ստեփան Սարգսյանն է՝ ծնունդով ԱՄՆ-ից: Նա երկար ժամանակ ապրել է Արցախում, Քաշաթաղի վարչական ղեկավարն է եղել, նաեւ ԱՀ նախկին ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի թիմից, այսինքն՝ սորոսական շրջանակներին առնչվող: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նրան ազատել է աշխատանքից, եւ նա մեկնել է ԱՄՆ, ներկայացել է որպես ընդդիմադիր գործիչ, որը տառապում էր Արցախի հանձնման ցավով, ու շատերը նրան ընդդիմադիր համարելով, նույնիսկ օգնության գումարներ էին տալիս: Այս մանրամասներն է պարզել Ռոբերտ Մարգարյանը: «Հետո բոլորը զարմացան, որ նա նիկոլական է, որ նստում է Աննայի ու Նիկոլի կողքին, նրանից իմ ընկերները փորձել են բացատրություն վերցնել, բայց նա ոչ մի հարցի չի պատասխանել ու հեռախոսակապը նրանց հետ կտրել է»,- պատմում է Մարգարյանն իր «լայվում» եւ կոչ անում՝ հարամել միջոցառումը։ «Այս միջոցառման հիմնական նպատակը Եկեղեցու դեմ սկսված արշավին միջազգային երանգ եւ լեգիտիմություն փոխանցելն է: Ինչպես են կազմակերպելու Էջմիածին այցելությունը` առանց բախումների եւ խնդիրների, կարծում եմ, հետաքրքիր կլինի»,- ասում է Ռոբերտ Մարգարյանը: Իր յութուբյան ալիքում նա հետաքրքիր մանրամասներ է բացահայտում:
Աղոթքի նախաճաշի հրավիրյալների թվում է Դենիս կամ Դիդի Լագոսենը (Dede Laugesen), որն աշխատում է ԱՄՆ-ում, Կոլորադոյում գրանցված «Փրկեք հալածված քրիստոնյաներին» (Save the Persecuted Christians) անունով ՀԿ նախագահն է: Այս ՀԿ-ն ակտիվորեն պայքարում է հանուն քրիստոնյաների, եկեղեցականների իրավունքների, իսկ անցյալ տարի լայն քարոզչություն է տարել արցախցիների իրավունքի պաշտպանության ուղղությամբ՝ բարձրացնելով արցախցի ռազմագերիների հարցը, նաեւ բարձրաձայնել է այնտեղ ոչնչացման ենթակա հոգեւոր կոթողների հարցը, եւ Դիդի Լագոսենը ներառված է միջոցառման կազմկոմիտեի մեջ:
Ստացվում է, որ հալածյալ քրիստոնյաներին պաշտպանող կառույցը մասնակցում է այդ քրիստոնյաների սրբազաններին բանտ նետողների, նրանց մի բառի համար կալանավորողների եւ հալածողների միջոցառմանը: Սա տիկին Լագոսենին եւ նրա կառույցը վարկաբեկելու, փչացնելու, արցախցիների հարցերն ԱՄՆ-ում բարձրացնող կառույցի հանդեպ անլուրջ վերաբերմունք ձեւավորելու քայլ է, եւ չի բացառվում, որ արվում է որպես հերթական նվեր Ալիեւին:
«Մտածված կերպով մոտեցել են այս կառույցին, որը լուրջ աշխատանք է կատարել Ադրբեջանին դատապարտելու, արցախահայությանը տեղահանելու կապակցությամբ: Եվ այս կառույցին լռեցնելու համար փորձել են նրանց սիրաշահելով՝ ներառել իրենց ցանցի մեջ»,- հաղորդում է Ռոբերտ Մարգարյանը: Իհարկե հայտնի չէ՝ նրանք կգա՞ն Հայաստան, թե՞ ոչ: Չի բացառվում, որ տիկին Լագոսենը եւս տեղեկատվություն հավաքի Փաշինյանի ու նրա վարած հակաեկեղեցական արշավի մասին եւ չներկայանա աղոթքի նախաճաշին: Ինչպես նախօրեին եղավ Թրամփ կրտսերի պարագայում, որն անսպասելիորեն հրաժարվել էր Հայաստան այցից։ Բայց փաստ է, որ նա հայտարարված է որպես «Աղոթքի» կազմկոմիտեի անդամ, որն օգնել է ՀՀ կառավարությանը՝ կազմակերպել այս նոր ներկայացումը: Եվ, վերջապես` ի՞նչ աղոթք Հայաստանում, եթե բացակայելու է Մայր Աթոռը: Չի բացառվում, որ այդ օրը նախաճաշին կեղծ հոգեւորականներ էլ նստեն, եւ հերթական թատրոնը բեմադրվի, այս անգամ արդեն ոչ թե Թալինի կամ Օհանավանի, այլ՝ միջազգային մասշտաբով»:

















