«Հրապարակ» թերթը գրում է. «2 տարի 7 ամիս կալանքի տակ մնալուց հետո Վանաձորի նախկին համայնքապետ, համայնքապետի հիմնական թեկնածու Մամիկոն Ասլանյանը երեկ, դատարանի որոշմամբ,10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց։ Նրան կալանավորել էին 2021-ի դեկտեմբերին՝ Վանաձորի ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո, որպեսզի ամենաշատ քվեները ստացած ուժի ղեկավարը չընտրվի համայնքապետ։
Արդար ընտրություններից ճառող Նիկոլ Փաշինյանի իրավապահները մի զավեշտալի ու ապօրինի մեղադրանքով նրան այնքան պահեցին կալանավայրում, մինչև Վանաձորի կրիմինալ հեղինակություն Ակային՝ Արկադի Փելեշյանին, կարգեցին համայնքապետ՝ տրորելով վանաձորցիների ընտրական իրավունքը։
Կալանավայրում գտնվող Մամիկոն Ասլանյանին այս ընթացքում բազմաթիվ առաջարկություններ են արվել՝ «գործարքի» գնալու, սակայն նա չի համաձայնել։ Ի դեպ, կալանքն էլ կարողացել է օգուտով օգտագործել՝ 2,7 տարում նա մոտ 50 կիլոգրամով նիհարել է»։